ՄաԳյուլԲաՆ:Ապրում էին աշխարհում բարի երեխաներ` աղջիկներ և տղաներ. Մարգարիտան, Գյուլդարան, Բագրատը և Նյունյուն: Նրանք տարբեր ընտանիքներից էին և ունեին տարբեր ճակատագրեր: Շատ էին սիրում իրենց ծնողներին, հարազատներին և աշխարհի բոլոր մարդկանց: Մեծանալով, նրանց մոտ մեծ ցանկություն առաջացավ օգնելու դժվար իրավիճակների, փորձանքի մեջ հայտնված մարդկանց` հատկապես երեխաներին, ինչպես նաև կենդանիներին: Ամենակարևորը, նրանց միավորում էր աշխարհով մեկ շրջագայելու երազանքը: Նրանք իրենց անվանում էին ՄաԳյուլԲան-ներ: Ապրում էին նրանք մի փոքրիկ քաղաքի` նույն բակում, բոլորն էլ մի տարիքի էին, բայց տարբեր բնավորություններ ունեին: Չորս տարի է ինչ ընկերներ էին և բարի գործեր անելու ցանկությունը և ձգտումը օրեցօր ավելի էր մեծանում:
Պատմություն 1. Քաղաքը և գետը
Ամառ էր: ՄաԳյուլԲաՆ-ներն առաջին ճանապարհորդությունը սկսեցին իրենց քաղաքից: Այդ օրը, կանգառին մոտենալով, նրանք օգնեցին մի տարեց կնոջ բարձրանալ տրոլեյբուս: Իրենք նույնպես նստեցին տրոլեյբուս: Նրանց համար շատ հետաքրքիր էր, քանի որ նրանք առաջին անգամ էին միասին ճանապարհորդում:
Տրոլեյբուսը սլանում էր լայնարձակ փողոցներով, անցնելով շենքերի, այգիների և հրապարակների կողքով:
-Նայիր Մարգարիտա', սա իմ պապիկի տունն է: Գեղեցիկ է չէ՞: Իսկ հիմա կանցնենք Նյունյույի մորաքրոջ տան կողքով, ահա՛ այն`կամրջի ետևի հինգ հարկանին է, - ցույց էր տալիս Գյուլդարան:
Այսպես, ուրախ զրուցելով, նրանք շարունակում էին իրենց ճանապարհը: Վերջին կանգառում նրանք իջան տրոլեյբուսից, որպեսզի ավտոդողերի գործարանի բարձր ծխատար խողովակներին նայեն: Այնուհետև նորից նստեցին տրոլեյբուս և ընթացան հակառակ ուղղությամբ:
-Երեխանե~ր, տեսեք թե ինչ գեղեցիկ է մեր գետը,- նկատեց Բագրատը: Երեխաները հպվեցին տրոլեյբուսի պատուհանին և սկսեցին հետաքրքրությամբ հետևել գետի ընթացքը:
Հերթական կանգառում` երկու երեխաների հետ` տրոլեյբուս բարձրացավ մի կին: Բագրատն ու Նյունյուն` իսկույն իրենց տեղը զիճեցին նրանց:
Վերջին կանգառում երեխաները իջան և մտան “Ալեքսանդրիա” բուսաբանական այգի, որը, ինչպես պատմում էր էքսկուրսավարը, հիմնել էր բարոնուհի Բրանիցկայան` 250 տարի առաջ:: Երեխաները հետաքրքրությամբ ուսումնասիրում էին ծառերն ու թփերը, որոնք այգի էին բերվել մեր հիասքանչ մոլորակի տարբեր անկյուններց: ՄաԳյուլԲաՆ-ները շատ օգտակար, նոր և կարևոր բաներ իմացան: Այսպես, այգում զբոսնելով, նրանք հասան գետին, որտեղ գտնվում էր լողափը: Հանկարծ նրանք տարօրինակ անհանգստություն զգացին: Տեսնելով փոքրիկ երեխաների` հասկացան իրենց անհանգստության պատճառը: Գետը հոսում էր քաղաքի միջով, այն քաղաքաբնակների և հյուրերի ամենասիրելի հանգստի վայրն էր, և մեծ ուրախություն էր պարգևում նրանց, իսկ մեկ-մեկ էլ տխրություն: Այդ տարի գետում երեխաներ էին խեղդվել, այդ պատճառով էլ ՄաԳյուլԲաՆ-ները որոշեցին ընդհատել իրենց ճանապարհորդությունը և ուշադիր հետևել ափին և ջրում գտնվող երեխաներին, ինչպես դա կանեյին լողափնյա փրկարարները:
- Մենք պետք է այնպես կազմակերպենք մեր հսկողությունը, որ ոչ մի երեխա դուրս չմնա մեր տեսադաշտից: Դա շատ կարևոր է, չէ որ յուրաքանչյուր երեխայի առողջությունն ու կյանքը շատ թանկ է, - ասաց Բագրատը:
- Բայց մենք չենք կարող հետևել բոլոր երեխաներին, դա դժվար կլինի իրականացնել: Եվ հետո նրանք իրենց հարազատների ուշադրության և հսկողության տակ են: Միգուցե մենք շարունակենք մեր ճանապարհորդությունը: Նստենք նավակ, անցնենք մյուս ափ և այնտեղ լողանք:- առաջարկեց Նյունյուն:
Բայց Մարգարիտան և Գյուլդարան, աջակցեցին Բագրատին: Որոշվեց բաժանել լողափը երեք հատվածների: Բագրատը պետք է հսկողություն իրականացներ ձախ հատվածում, Մարգարիտան և Գյուլդարան կենտրոնում, իսկ Նյունյուն աջում: Անցավ մեկ ժամ, հետո էլի 2-3 ժամ: Մոտենում էր ճաշի ժամը, հանգստացողներից շատերը կամաց-կամաց հեռացան: Լողափում մնացել էին մի քանի ընտանիք: Բագրատը նայեց իր անջրանցիկ ժամացույցին և մտածեց. “Շուտով բոլորը կհեռանան, և մենք կշարունակենք մեր ճանապարհորդությունը”: Լողափին` իր ծնողներից ոչ հեռու` մի վեցամյա, խարտյաշ, սիրունիկ աղջնակ, ուրախ երգելով, գնդակ էր խաղում.
Դու սիրունիկ իմ գնդակ,
Խաղա ինձ հետ շարունակ,
Թռչկոտում ես վար ու վեր,
Դու հարազատ լավ ընկեր:
Երկվորյակ եղբայրները ավազից ամրոց էին կառուցում: Մեկը ավազն էր հավաքում, իսկ մյուսը փոքրիկ դույլով ջուրն էր բերում: Ավազը խառնում էին ջրի հետ, և ամրոցի փոխարեն, չգիտես ինչու, փոքրիկ բլուր էր ստացվում: Գյուլդարան հետևում էր այդ ամենին և մտածում. “Տեսնես ե՞րբ կհաջողվի մեզ արշավ գնալ դեպի լեռներ”: Տարօրինակ է, բայց այդ մասին էին մտածում նաև մյուս ՄաԳյուլԲաՆ-ները: Երկվորյակ եղբայրներից քիչ հեռու լաց էր լինում մի նիհարիկ տղա: Տատիկը նրան թույլ չէր տալիս լողալ, պահանջում էր հագնվել, որպեսզի գնան ճաշելու: Մարգարիտան մոտեցավ լացող տղային և փորձեց հանգստացնել նրան: Իսկ Նյունյույից ոչ հեռու` մի փոքրիկ աղջիկ խնդրում էր հայրիկին, որ կարուսելի նման պտտի իրեն: Հայրը դժգոհ կատարում էր նրա քմահաճությունը, քանի որ նա խանգարում էր իրեն հանգիստ զրուցելու իր կողքին` արևային լոգանք ընդունող համակրելի կնոջ հետ, կամ էլ պարզապես նա հոգնել էր պտտելուց:
Ամեն ինչ շատ հանգիստ էր և փորձանքի նշույլ անգամ չկար: Եվ հանկարծ լսվեց Մարգարիտայի ճիչը. “Երեխա՛ է խեղդվում”: Բոլոր ՄաԳյուլԲաՆ-ները վազեցին փրկելու: Բագրատը բոլորից մոտ էր գտնվում աղջկան, այդ պատճառով էլ առաջինը նա հայտնվեց ջրում: Մնացածները սկսեցին օգնություն կանչել, բայց աղջկա ծնողները ուշադրություն չէին դարձնում օգնության կանչերին, նրանք շարունակում էին հանգիստ կարդալ իրենց ամսագրերը: Մնացած հանգստացողները նույնպես չէին արձագանքում: Կարծես բոլորը կախարդված լինեյին: Հասկանալով, որ օգնության սպասելն անիմաստ է, ՄաԳյուլԲաՆ-ները վազեցին դեպի Բագրատը: Իսկ այդ ընթացքում Բագրատը լողալով հասել էր աղջկան, որն էլ փորձելով որսալ իր գնդակը` մինչև պարանոցն հայտնվել էր ջրի մեջ: Աղջիկը կատարեց ևս մեկ քայլ և ամբողջովին ընկղմվեց ջրի մեջ: “Աստվա'ծ իմ, հիմա ջրի հոսանքը կտանի նրան, և նա կխեղդվի”, - սարսափով մտածեց Բագրատը: (Բոլոր նմանատիպ` հարթավայրային գետերն ունեն սահանք-իջվածքներ, և հիշելով այդ վտանգի մասին, ծնողները չպետք է անուշադրության մատնեն իրենց երեխաներին): Թվում է թե գետը շատ խաղաղ է` գրեթե առանց ընթացքի, բայց դա տեսողական խաբկանք է, քանի որ գետերը շատ արագ են հոսում և որքան խորը լինեն, այնքան հոսանքն ավելի ուժեղ է: Բագրատի Ներքին ձայնը հուշում էր, որ եթե նա աղջկա մազերից չբռնի, նրան հնարավոր չի լինի փրկել: Բագրատը սուզվեց և մի կերպ բռնեց աղջկան, բայց չկարողացավ պահել նրան: Նա իրեն էլ էր վտանգում, եթե իր հետ որևէ բան պատահեր, նա ցավ կպատճառեր հարազատներին, սակայն աղջկա կյանքն իր ձեռքում էր, նահանջել չէր կարող: Նա ևս մեկ անգամ սուզվեց , և այս անգամ ավելի ամուր բռնեց աղջկա մազերից: Բագրատը լավ էր լողում և ամուր էր բռնել աղջկան, սակայն հասկանում էր, որ եթե հենց հիմա իր ոտքերի տակ ամուր հենարան չունենա` անհնարին կլինի աղջկան պահել և նրանք կարող են միասին խեղդվել: Եվ այդ պահին, օ~ հրաշք… նա կանգնեց ինչ-որ ամուր բանի վրա (միգուցե գերան էր): Հավաքելով ամբողջ ուժերն ու կամքը, նա ևս մեկ քայլ կատարեց առաջ, դեպի իրեն քաշեց աղջկան և բարձրացնելով վերև հնարավորություն տվեց նրան շնչելու: Բագրատը ամուր գրկեց աղջկան, որպեսզի ձեռքից բաց չթողնի: Իսկ հենարանը, որն օգնել էր աղջկա փրկությանը, ափից ոչ հեռու աճած հսկա ծառի մեծ արմատներն էին: Մինչ Բագրատը գտնվում էր գետում, երեխաները հավաքվեցին և ջրի մեջ կենդանի շղթա կազմեցին: Մարգարիտա – Նյունյու - Գյուլդարա (վերջինս ամենաբարձրահասակն էր)… և նրանք ընդհուպ մոտեցան Բագրատին: Գյուլդարան բացականչեց. “Բագրա՛տ պինդ կաց, մենք քեզ հետ ենք”: Միասնական ուժերով աղջկան դուրս բերեցին ափ: Մարգոն և Գյուլդարան զննեցին աղջկան համոզվելու համար, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:
Երեխաները հանգստացած շունչ քաշեցին, նրանք ժպտալով միմյանց էին նայում, ցույց տալով իրենց թրջված և ցեխոտված շորերը, և միայն Գյուլդարայի գեղեցիկ դեմքն էր լարված, որի նկատմամբ Բագրատը քնքուշ և նուրբ զգացմունքներ էր տածում: Գյուլդարան պարզապես շատ էր վախեցել:
Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, ընդամենը մի քանի վարկյանում, որ փոքրիկ աղջիկը, բարեբախտաբար, չէր հասցրել ջուր կուլ տալ և կորցնել գիտակցությունը: Նա նստել էր խոտերին և ամուր գրկել էր գնդակը:
-Հայրի~կ, մայրի~կ… - կանչեց նա:
Եվ տարօրինակ էր, միայն աղջկա կանչից հետո կարծես թե բոլորը սթափվեցին: Ծնողները վազեցին դեպի աղջիկը: Հայրը գրկեց աղջկան և նրանք հեռացան: Մյուս ծնողները նույնպես սկսեցին անհանգիստ հայացքներով փնտրել իրենց երեխաներին:
Մի փոքր հանգստանալուց հետո, Բագրատը ասաց.
- Գյուլդարա, շնորհակալություն, քո կախարդական ձեռքը ինձ ուժ տվեց: Երեխաներ, ձեզանից նույնպես շնորհակալ եմ, դուք բոլորդ էլ կարևոր դեր խաղացիք աղջկան փրկելու հարցում:
-Այո, մենք շատ համախմբված, ամուր շղթա էինք կազմել և կարող էինք ջրից դուրս բերել անգամ փղին` իր փղիկի հետ: Իսկ դու Բագրա'տ, ինչպես իսկական հերոս` փրկեցիր աղջկան:
Բոլորը ծիծաղեցին: Համոզվելով, որ լողափում այլևս երեխաներ չկան, գոհ լինելով առաջին անգամ գործած իրենց իսկական սխրանքից, ՄաԳյուլԲան-ները նավակով անցան գետի մյուս ափը և բացատում չորացրին իրենց շորերը: Հետո մի քիչ էլ լողացին և վերադարձան տուն:
Այն մասին, թե ինչու՞ ոչ ոք չէր արձագանքել և նկատել խեղդվող աղջկան, իսկ ՄաԳյուլԲան-ների ծնողները՝ նրանց երկարատև բացակայությունը, դուք կիմանաք երբ կարդաք մեր հաջորդ պատմվածքները և նայեք նկարները: Կիմանաք նաև փրկված աղջկա հետագա ճակատագրի մասին, և կստանաք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
|







