ՄաԳյուլԲաՆ:Ապրում էին աշխարհում բարի երեխաներ` աղջիկներ և տղաներ. Մարգարիտան, Գյուլդարան, Բագրատը և Նյունյուն: Նրանք տարբեր ընտանիքներից էին և ունեին տարբեր ճակատագրեր: Շատ էին սիրում իրենց ծնողներին, հարազատներին և աշխարհի բոլոր մարդկանց: Մեծանալով, նրանց մոտ մեծ ցանկություն առաջացավ օգնելու դժվար իրավիճակների, փորձանքի մեջ հայտնված մարդկանց` հատկապես երեխաներին, ինչպես նաև կենդանիներին: Ամենակարևորը, նրանց միավորում էր աշխարհով մեկ շրջագայելու երազանքը: Նրանք իրենց անվանում էին ՄաԳյուլԲան-ներ: Ապրում էին նրանք մի փոքրիկ քաղաքի` նույն բակում, բոլորն էլ մի տարիքի էին, բայց տարբեր բնավորություններ ունեին: Չորս տարի է ինչ ընկերներ էին և բարի գործեր անելու ցանկությունը և ձգտումը օրեցօր ավելի էր մեծանում:
Պատմություն 3. Աֆրիկա - Լօօմոզուն ցեղը
ՄաԳյուլԲաՆ-ները արդեն պատրաստվել էին, Պատուշ տատիկի հետքերով, արևմտյան Ասիա ուղևորությանը, երբ հանկարծ, Մարգոն` էլեկտրոնային փոստով` նոր, տարօրինակ և անանուն հաղորդագրություն ստացավ, քարտեզի հետ միասին:
“ / Աֆրիկա, 3/+1/ երկրների սահմանագծին, որտեղ ապրում են հիանալի ժողովուրդներ: Խորհրդանիշները` 6 գույնի են` կարմիր, սպիտակ, սև, կապույտ, դեղին, կանաչ: 6 տառից բաղկացած ծով, անապատ, 3 տառից բաղկացած մեծ գետ, ծովից մինչև տեղաբնակները 4 օրվա ճանապարհ կենդանիների մեջքին, որոնք երկար ժամանակ կարող են դիմանալ առանց ջրի/: /Աֆրիկյան մայրցամաքի կենտրոնական մասում ապրում է խաղաղասեր Լօօմոզուն ցեղը, որը զբաղվում է անասնապահությամբ: Ի նշան իրենց ցեղի խաղաղ գոյատևման` նրանք ամեն ամսվա 10-րդ օրը, իրենց Աստվածների պատվին, ծիսական արարողություն են իրականացնում սուրբ ծառի մոտ, որը գտնվում է 10 կմ հեռավորության վրա: Ծիսական արարողություններ անցկացվում է անհիշելի ժամանակներից: Վերջերս, հերթական ծիսակարգի ժամանակ, անհետացան 10 փոքրիկ տղաներ: Շատ ժամանակ և ուժեր օգտագործվեցին նրանց գտնելու համար, սակայն երեխաներին այդպես էլ չգտան: Օգնեցեք: Մ…/”
Մարգարիտան ցույց տվեց երեխաներին էլեկտրոնային հաղորդագրությունը:
-Երևի այս նամակը նորից ուղարկել է խորհրդավոր Գօրդիզ-Լեռը: Այս ամենը շատ տարօրինակ է: Բայց մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, հարկավոր է գործի անցնել, պետք է անմիջապես մեկնել այնտեղ և օգնել երեխաներին փնտրելու հարցում: Ժամանակը չի սպասում, - ասաց Մարգոն:
Բոլոր ՄագյուլբաՆ-ները համաձայնեցին և որոշում կայացրեցին ժամանակավորապես հետաձգել ուղևորությունը արևմտյան Ասիա, շտապ ճամփա ընկնել Աֆրիկա` Լօօմոզուն ցեղի մոտ, փորձեն գտնել կորած տղաներին:
Հավաքելով ճանապարհորդության համար անհրաժեշտ բոլոր իրերը, ՄաԳյուլԲան-ները ճամփա ընկան և սեպտեմբերի առաջին օրերին տեղ հասան, որտեղ նրանց դիմավորեց ցեղի առաջնորդ Լօօմամը: Իմանալով նրանց այցելության նպատակը, նա հրավիրեց խորհուրդ, քննարկելու համար` արժե արդյոք վստահել անծանոթ օտարերկրացիներին և թույլ տալ նրանց գնալու ծիսական Սինլօյ սուրբ ծառի մոտ ու փնտրել կորած երեխաներին: Խորհրդի ժամանակ, տհաճ արատաքինով շաման Լոզզը, աղաղակելով պահանջում էր կապկպել ՄաԳյուլԲաՆ-ներին և փակել վանդակում, այլապես իրենց Աստվածները կբարկանան: ՄաԳյուլԲաՆ-ները անհանգստացած էին և զգացին մեծ վտանգ: Բայց խորհուրդը կայացրեց հետևյալ որոշումը. ընդունել առաջարկվող օգնությունը, պայմանով, որ նրանք պատմեն առաջնորդին թե որտեղի՞ց են ժամանել և ինչպե՞ս են գտել իրենց: Իսկ անհետացած երեխաներին գտնելու գործում` նրանաց կաջակցեն ցեղի 10 ամենախիզախ և ամենաուժեղ ռազմիկները:
ՄագյուլբաՆ-ները պատմեցին, թե ինչպես են գտել նրանց: Իսկ որոնումները որոշվեց սկսել առավոտյան: Բագրատը առաջնորդին խնդրեց կազմակերպել ապահով գիշերատեղի, քանի որ տեղաբնակները զարմանքով և կասկածանքով էին նայում իրենց, կարծես երբեք այլ մարդկանց չէին տեսել, ինչպես նաև մանրամասն պատմել կորած տղաների մասին:
Գիշերելով առաջնորդի խրճիթում, արևի առաջին ճառագայթների հետ, վերցնելով ամենանհրաժեշտ ուտելիքը` բրինձ, չորացրած միս, տիկերով ջուր, հագնելով գիշերվա ընթացքում իրենց համար կարված հագուստը, կոշիկները և արևապաշտպան գլխարկները, նրանք ճամփա ընկան: Ըստ ավանդության ծառի մոտ պետք էր ոտքով գնալ, այլապես ցեղի հետ դժբախտություն կպատահեր:
Անցնելով 6 կիլոմետր, նրանք հասան մի փոքր ծառի, որի տեսքից բոլորի մոտ վտանգի տարօրինակ զգացողություն առաջացավ: Ծառն ուներ 2 մետր բարձրություն, շագանակագույն ամուր բուն, խոշոր, կապտագույն, կլոր տերևներ: Ծառի արմատները, հարցական նշանի պես, 10 սանտիմետրի չափով դուրս էին ելնում գետնի տակից և ինչպես սուր նորից խրվում էին ավազի մեջ: Բնի մեջ կլոր անցք կար: Բագրատը ձեռքի լապտերիկով լուսավորեց անցքը, բայց ոչինչ չտեսավ, իսկ ձեռքը այնտեղ մտցնել չհամարձակվեց, այնտեղ կարող էր թունավոր օձ կամ սարդ լինել: Ծառն ուսումնասիրելուց հետո, նրանք նստեցին շվաքին` մի փոքր հանգստանալու և սնվելու: Մեկ ժամ անց նրանք շարունակեցին իրենց ճանապարհը: Ճանապարհին ավագ ռազմիկ` Լօդուզը, բարձրաձայն մտածում էր. “Երեխաների անհետանալուց հետո, մեկ ամսվա ընթացքում մեր ճանապարհին 4 նման ծառ է հայտնվել: Ինչպե՞ս կարող էին նրանք այս ընթացքում այդքան աճել, և ինչպե՞ս են արմատները խոնավություն ստանում: Չէ որ մենք ջուր ստանալու համար ավելի քան 10 մետր փորում ենք, և օրական ընդհամենը 40 տու ջուր ենք ստանում: Մենք շատ խնայողաբար ենք օգտագործում ջուրը, նույնիսկ հեղուկի մի մասը գոմեշի կաթից ենք ստանում… այդ պատճառով էլ մեր մաշկն այդքան չոր է: Միսը պատրաստում ենք հին ավանադական ձևով. երկու օր թրջում ենք աղի կաթի մեջ, այնուհետև չորացնում ենք տաս օր: Եվ այդպես ամբողջ գործողությունը կրկնում ենք ևս երկու անգամ: Կաթի մեջ ավելացնում ենք չորացրած միջատի կտորտանքներ և սուրբ ծառի տերևներ: Միսը շատ սննդարար և առողջարար է ստացվում, այդ պատճառաով էլ մենք երբեք չենք հիվանդանում: Միջատի տեսակը և չափաքանակը գաղտնի է պահվում, որի մասին գիտե միայն առաջնորդը”:
Եվ իրոք, չորացրած միսը և ջուրը այնքան համեղ և սննդարար էին, որ ուժ ու առույգություն էին տալիս. 10 կիլոմետր քայլելուց հետո ՄաԳյուլԲաՆ-ները հոգնածություն չզգացին: Մնացած ծառերը որոնք հայտնվեցին նրանց ճանապարհին, ճիշտ առաջինի նման էին:
Անցնելով տաս կիլոմետր, ցերեկվա ժամը չորսի մոտ, նրանք հասան` վարդագույն պուտերով պատված, անսովոր խոշոր և կապտագույն տերևներով` Սինլօյ սուրբ ծառին, որի արմատները սրի նման խրված էին ավազի մեջ: Հսկա չափերի հասնող, գեղեցիկ և հզոր ծառը` հպարտ կանգնած էր անապատի մեջ: Ցեղի ռազմիկները կանգնեցին ծառից 10 մետր հեռավորության վրա: Բագրատը նայեց ջերմաչափին, որը տեղադրված էր ձեռքի կողմնացույցի մեջ, և տեսնելով Լօդուզի զարմացական հայացքը` բացատրեց դրա նշանակությունը: Ջերմաչափը ցույց էր տալիս +43,9 C: Լօդուզն իր հերթին, նայելով երկինք, շոշափեց տաք ավազն ու ասաց, որ ջերմաստիճանը 00. .44C է: Եվ իրոք, երբ Բագրատը կողմնացույցը դրեց ծառի շվաքին, հարթ մակերեվույթի վրա, այն ցույց էր տալիս +44C: “Տեսնես ինչպե՞ս նա կարողացավ այդքան ճշգրիտ որոշել ջերմաստիճանը: Զարմանալի մարդիկ են այս Լօօմոզունները”-մտածեց նա: ՄաԳյուլԲանները որոշեցին ձեռքերով շղթա կազմած գրկել ծառի բունը, որի մեջ 80 սանտիմետրանոց անցք կար, բայց չկարողացան: Բագրատը լուսավորեց փչակը. այն բավական խորն էր: Նա, հագնելով հատուկ գոտկակապեր` պարանի միջոցով իջավ ներքև, իսկ ընկերները ապահովում էին նրա անվտանգ վայրէջքը: Իջնելով 5 մետր, Բագրատը ոտքերով շոշափեց հատակը և հայտնվեց մի փոքրիկ քարանձավում: Շուրջը զննելով` նկատեց ևս մեկ անցք, բայց չհամարձակվեց առանց օգնության այնտեղ իջնել, բացի այդ պարանն էլ ընդամենը 2 մետր էր մնացել: Նա ետ վերադարձավ, որպեսզի Լօդուզից վերցնի կաշվե պարան և Նյունյուի հետ միասին նորից իջնի այնտեղ, բայց Լօդուզը խնդրեց հետաձգել վայրէջքը:
-Շուտով կմթնի և անվտանգության նկատառումներից ելնով` հետաձգեք ձեր բարի գործը մինչև առավոտ, - ասաց նա:
ՄագյուլբաՆ-ները որոշեցին լսել իմաստուն Լօդուզի խորհուրդը:
Երեկոյան 8-ից հետո մթնեց և ջերմաստիճանը իջավ մինչև +20C: Նրանք ծառից ոչ հեռու ճամբար խբեցին և սկսեցին լսել ծիսակարգի մասին Լօդուզի պատմությունը:
“Դա շատ գեղեցիկ ծես է: Մենք այն սկսում ենք երեկոյան վեցին և ավարտում ենք ինն անց երեսունին: Ծառի շուրջ, 20 մետր շառավղով կրակներ ենք վառում: Ցեղի յուրաքանչյուր անդամ, ձեռքով հպվում ծառի բնին, ստանալով նրանից ուժ և առողջություն: Այնուհետև մենք մարում ենք կրակները և վերադառնում ենք տուն, այդ պատճառով էլ մենք չգիտենք, թե ի՞նչ է կատարվում ծառի հետ ժամը տասից հետո: Երբ երեխաները կորան, մենք նկատեցինք, որ ծառի տերևները պատվել են վարդագույն պուտերով: Մեր առաջնորդը եզրզկացրեց, որ Աստվածները բարկացած են, և դադարեցրեց հերթական ծիսակատարությունը”:
Լսելով այս ամենը, արշավախումբը պատրաստվեց գիշերելուն, և նորից բոլորի մոտ տագնապի տարօրինակ զգացողություն առաջացավ, իսկ Բագրատն էլ հիշեց, որ ծառի ներսում արյան հոտ էր գալիս:
Կեսգիշերին, տարօրինակ աղմուկից բոլորն արթնացան. ծառի տերևները, ինչպես հասած խնձորներ, թափվում էին և րոպեներ անց բոլոր տերևները ծածկեցին գետինը: Բոլորը նորից քնեցին, իսկ Բագրատի և Լօդուզի քունը չէր տանում, նրանք շշուկով զրուցում էին, երբ հանկարծ ծառի մոտից աղմուկ լսեցին: Մոտ գալով, Լօդուզը բարկացած ասաց. “Ախր սա մեր ցեղի շաման Լոզզն է, տեսնես ի՞նչ է նա այստեղ կորցրել: Ես նրան երբեք չեմ վստահել: Իսկ ո՞վ է նրա կողքի տարօրինակ արարածը, որի հետ նա զրուցում է”: Այդ արարածը, ավարտելով խոսակցությունը, ծառի փչակից ներս մտավ, իսկ շամանը հեռացավ: Բագրատը և Լօդուզը գնացին շամանի ետևից, նրա խրճիթի մոտ բռնեցին և տարան առաջնորդի մոտ: Այնտեղ էլ պատմեցին այն ամենը, ինչ տեսել էին:
-Լոզզ, ի՞նչ էիր անում ծառի մոտ: Ինչու՞ էիր առանց թույլտվության գնացել այնտեղ: Եվ այդ ի՞նչ արարածի հետ էիր զրուցում:
Շամանը գլւխը կախ` անխոս լսում էր:
-Եթե չպատմես ողջ ճշմարտությունը, կենթարկվես ժուժումա պատժի:
Լսելով դա, շամանը լացեց և սկսեց պատմել.
-Պետք չէ ժուժումա, ես ամեն ինչ կպատմեմ: Ծիսակարգից մեկ օր առաջ, ինչպես միշտ, շամանական իմ գործերով գնացի սուրբ ծառի մոտ: Հենց որ դիպա ծառին, միանգամից անշարժացա և ուշագնաց եղա: Ուշքի եկա ծառի ներսում և տարօրինակ, երեք աչքանի արարած տեսա : Նա ինձ ասաց, որ իրեն, հետազոտությունների համար հարկավոր են մինչև վեց տարեկան տաս տղաներ: Նրանց մարմինների վրա ես պետք է կարմիր նշաններ անեյի, այլապես ես և իմ երեխաները կմեռնեինք: Երեքաչքանին խոստացավ, որ նա տղաներին չի վնասի և նրանք արդեն չորս ժամ անց տանը կլինեն: Շատ վախեցա, այդ պատճառով էլ համաձայնեցի: Կարմիր ներկով նշաններ արեցի տղաների մարմինների վրա, իսկ ծիսակարգից հետո նրանք անհետացան: Իսկ թե որտեղ են երեխաները` ես չգիտեմ: Երեքաչքանին գիտեր, որ այլևս ծիսակարգ չի լինելու, և այս անգամ պահանջեց, որ երկու օրից ծառի մոտ բերեմ ևս չորս տղայի:
-Եվ դու այսքան ժամանակ լռել ե՞ս: Դավաճա՛ն:
Առաջնորդը հրամայեց շամանին տանել և գցել վանդակի մեջ:
Բագրատը և Լօդուզը վերադարձան ճամբար:
-Իսկ ի՞նչ է նշանակում ժուժումա պատիժ, - հարցրեց Բագրատը:
-Օօօօօօօ՜, դա շատ սարսափելի պատիժ է: Ես դրա մասին պատմելու իրավունք չունեմ, - պատասխանեց Լօդուզը:
Լուսաբացին տերևները սկսեցին աճել, իսկ ընկածնեը` անհետացել էին: Առավոտյան Բագրատը պատմեց գիշերվա պատահարի մասին, այնուհետև Նյունյույի հետ իջան ծառի անցքից ներս, որտեղից Նյունյուի օգնությամբ նա իջավ հաջորդ քարանձավ և սարսափելի տեսարանի ականատես եղավ: Հատակին պառկած էին տանջահար և հյուծված տղաները, նրանց քթերից բարակ վարդագույն թելիկներ էին ձգվում դեպի հարևան քարանձավը: Բագրատը նայեց քարանձավից ներս և տեսավ տարօրինակ մարդանման արարածին, որը շատ արտասովոր մեծ ականջներ ուներ և երեք աչքանի էր: Թելիկները ամրանում էին նրա կենտրոնական աչքին: Արարածը քնած էր, նա հղի էր: Բագրատը միանգամից հասկացավ, թե ինչ պետք է անի: Նա կտրեց բոլոր թելերը, որից հետո երեխաները սկսեցին կենդանության նշաններ ցուցաբերել: Արարածը բացեց աչքերը, բայց չկարողացավ շարժվել: Նա աչքերով պաղատում էր չսպանել իրեն: Բագրատը մտածեց, որ խղճահարությունը այստեղ տեղին չէ, ցանկանում էր կապել երեք աչքանուն, բայց որոշեց սկզբում օգնել երեխաներին:
-Նյունյու, մենք միայնակ չենք կարող բարձրացնել երեխաներին: Դու մնա նրանց կողքին, իսկ ես գնամ օգնության ետևից:
-Խնդրում եմ, միայն թե շուտ վերադարձիր,- ասաց Նյունյուն:
Վախենալով Աստվածների բարկությունից, ռազմիկները չէին համաձայնվում ներքև իջնել, բայց իմանալով, որ երեխաները ողջ են, նրանցից երկուսը, հաղթահարելով վախը, գնացին Բագրատի ետևից: Համաձայնվեցին նաև այն պատճառով, որ կորած երեխաների մեջ էին նաև իրենց որդիները: Դուրս բերելով բոլոր երեխաներին ծառի մեջից, Բագրատը նորից վերադարձավ, նա չէր կարող անպատիժ թողնել այդ արարածին, որը մեկ ամիս շարունակ խմել էր խեղճ երեխաների արյունը: Բայց Բագրատը, չգիտես ինչու, խղճաց նրան: Նա կանգնել և նայում էր երեքաչքանուն: “Միթե՞ սա հնարավոր է”, -մտածեց նա և արագ դուրս եկավ ծառի մեջից:
Կերակրելով երեխաներին չորացրած մսով և հագեցնելով նրանց ծարավը, բոլորն ուրախ, փոքրիկներին ուսներին դրած, ետ վերադարձան : Ցեղի բնակիչները դուրս եկան դիմավորելու փրկված երեխաներին, ռազմիկներին և ՄաԳյուլԲաՆ-ներին: Իսկ առաջնորդը հատուկ խորհուրդ հրավիրեց և ի պատիվ այդ մեծ ուրախության՝ աննախադեպ տոնախմբություն կազմակերպեց:
-Մենք շատ շնորհակալ ենք ձեզանից, որ դուք եկաք, օգնեցիք մեզ, գտաք և փրկեցիք երեխաներին: Մենք ձեզ շատ ենք պարտական: Այժմ դուք մեր ցեղի ամենա պատվավոր անդամներն եք: Մենք խոստանում ենք մշտապես օգնել և ամեն ինչում լսել և աջակցել ձեզ:
Ամբողջ գիշեր Բագրատը մտածում էր երեքաչքանու և իր տեսածի մասին, որտեղի՞ց է հայտնվել նա, ի՞նչ նպատակով: Իսկ առավոտյան, նա և Լօդուզը նորից գնացին ծառի մոտ: Ճանապարհին բոլոր փոքրիկ ծառերը չորացել էին, իսկ տերևները թափվել, կարծես չէին էլ եղել: Բագրատը իջավ ծառի մեջ և տեսավ, որ արարածը մահանում` բայց դեռ շնչում է: Նրա կասկածներն ավելացան և նա սկսեց հասկանալ… Կարծես երեքաչքանին սպասում էր նրան և ցանկանում էր ինչ որ բան հաղորդել: Նա սկսեց զառանցել, բայց Բագրատը ոչինչ չհասկացավ: Նա մտածում էր. “ Ո՛չ, ոչ-ոք իրավունք չունի ուրշի կյանքը խլել, ես նույնպես իրավունք չունեմ վնաս հասցնել այս արարածին, չնայած ,որ նա արժանի է պատժի: Նա մահանում է, և ինչպե՞ս ` նա…”:
Բագրատը ցանկանում էր հեռանալ, երբ նկատեց որ արարածի աչքերից արցունքներ են հոսում, և նա նորինց սկսեց զառանցել. “… բագաաա… մագյուլաա… թագաա… “ և փակեց աչքերը: “Մահացավ” – մտածեց Բագրատը:
Բագրատը Ծանր սրտով դուրս եկավ ծառի մեջից. “Տեսնես ի՞նչ էր ուզում ասել և ի՞նչ էին նշանակում այդ խոսքերը: Միգուցե՞ Բագրատ կամ ՄաԳյուլԲաՆ: Այդ դեպքում նա որտեղի՞ց գիտեր մեր մասին: Չնայած, իհարկե նա կարող էր… և ի՞նչ է նշանակում թագաա…”:
Լօդուզը ուրախ բացականչեց և ցույց տվեց դեպի վեր:
-Նայի՛ր Բագրատ: Տերևները նորից վառ կապույտ են, ինչպես նախկինում:
Նրանք ետ վերադարձան: Իսկ մինչ այդ փոքրիկ տղաները պատմում էին, թե ինչ էր տեղի ունեցել իրեց հետ.
“Ծիսակարգից հետո, մենք մոտեցանք և հպվեցինք ծառի բնին, որ ուժ ստանանք, բայց թուլություն զգացինք և քնեցինք: Արթնացանք, երբ տարօրինակ մի արարած մեզ իջեցնում էր ծառի մեջ, այնուհետև մեր քթերից ինչ որ թելեր ամրացրեց և մենք, մինչև մեզ փրկելը այլևս չենք արթնացել: Մեզ թվում է, որ նա կարողանում է թռչել և հայտնվել է երկնքից”:
ՄաԳյուլԲաՆ-ները, լսելով այդ պատմությունը, եկան երկու եզրահանգման: Առաջին. նա հավանաբար եկել է ուրիշ գալակտիկայից, որպեսզի բազմանա և գրավի աֆրիկյան մայրցամաքը, այնուհետև ամբողջ Երկիր մոլորակը: Երեխաների արյունը օգտագործում էր որպես սնունդ` բազմանալու համար: Երկրորդ. արարածը ժամանել էր ինչ որ գաղտնի առաքելությամբ: Բագրատը ուներ նաև իր սեփական հատուկ կարծիքն այս ամենի վերաբերյալ, որով և կիսվեց ընկերների և առաջնորդի հետ: Նրանց պատմեց քարանձավում տեսածի և իր կասկածների մասին… Վերջում խնդրեց առաջնորդին դուրս բերել ծառի մեջից մեռած արարածի մարմինը և թաղել նրան:
Առաջնորդի աղջիկը` Լօօօն, մի գեղեցիկ, Սիսիզա անունով, կապտագույն թռչնակ ուներ, որից նա ոչ մի րոպե չէր բաժանվում: ՄաԳյուլԲաՆ-ների սխրանքը նրան այնպես էր ոգեշնչել, որ նա ցանկություն հայտնեց ընկերակցել նրանց: Բագրատը բացատրեց, որ նա պետք է տանը մնա և օգնի փրկված երեխաներին վերականգնելու իրենց առողջությունը:
Բոլոր իրադարձություններից հետո, ՄաԳյուլԲաՆ-ները վերադարձան տուն: ճանապարհին քննարկում էին իրենց հետ տեղի ունեցածը, և շատ հարցեր նրանց համար այդպես էլ անհասկանալի մնացին:
Այն մասին, թե որտեղից էր հայտնվել տարօրինակ արարածը, Բագրատի կասկածների, փրկված տղաների ճակատագրի, Լօօօի կյանքի և նրա Սիսիզա թռչնակի, ինչպես նաև Ձեզ հուզող այլ հարցերի պատասխանների մասին` դուք կիմանաք երբ կարդաք մեր հաջորդ պատմվածքները և նայեք նկարները:
|







