Russian (CIS)Armenian (Arm)English (United Kingdom)
Ulti Clocks content

ՄաԳյուլԲաՆ:Ապրում  էին աշխարհում բարի երեխաներ` աղջիկներ և տղաներ. Մարգարիտան, Գյուլդարան, Բագրատը և Նյունյուն: Նրանք  տարբեր ընտանիքներից էին և ունեին տարբեր ճակատագրեր:  Շատ էին սիրում իրենց ծնողներին, հարազատներին և աշխարհի բոլոր մարդկանց: Մեծանալով, նրանց մոտ մեծ ցանկություն առաջացավ օգնելու դժվար իրավիճակների, փորձանքի մեջ հայտնված մարդկանց` հատկապես երեխաներին, ինչպես նաև կենդանիներին: Ամենակարևորը, նրանց միավորում էր աշխարհով մեկ շրջագայելու երազանքը: Նրանք իրենց անվանում էին ՄաԳյուլԲան-ներ: Ապրում էին նրանք մի փոքրիկ քաղաքի` նույն բակում, բոլորն էլ մի տարիքի էին, բայց տարբեր բնավորություններ ունեին: Չորս տարի է ինչ ընկերներ էին և բարի գործեր անելու ցանկությունը և ձգտումը օրեցօր ավելի էր մեծանում:

postheadericon Պատմություն 2. Փրկված Եկատերինան

Աղջնակին փրկելուց անցել էր մի քանի օր: Այդ ամբողջ օրերի ընթացքում ՄաԳյուլԲան-ները հիշում էին իրենց արկածները և քննարկում էին այն: Նման քննարկումներից մեկի ժամանակ` Նյունյուն կարծիք հայտնեց. “Մենք պետք է պատմեինք աղջկա ծնողներին, թե ինչ էր տեղի ունեցել, թե ինչպես էր նա ջրահեղձ լինում, և  ինչպե՞ս մենք փրկեցինք նրան”: Մարգարիտան և Գյուլդարան առարկեցին. “Կարևորն այն է, որ աղջիկը փրկված է .սակայն, ինչ-որ տեղ դու ճիշտ ես, ծնողներին պետք էր պատմել ամբողջ եղելությունը, որ այսուհետ նրանք ավելի ուշադիր և զգոն լինեն”:

Օրերից մի օր` վաղ առավոտյան, Բագրատի և Մարգարիտայի տան դուռը բացվեց, և ներս մտան փրկված աղջիկն` իր ծնողների հետ: Աղջիկը, տեսնելով Բագրատին, ուրախությամբ բացականչեց. “Վերջապես մենք գտանք քեզ, Բագրատ”:  Բագրատի ծնողները, ոչինչ չհասկանալով, զարմազած նայում էին անծանոթ հյուրերին:

-Համեցեք ներս, - առաջարկեց Բագրատի հայրիկը:

Բոլորն անցան հյուրասենյակ, նստեցին, և Եկատերինայի հայրիկը, ժամանակ չկորցնելով ,սկսեց  իր պատմությունը …

-Արդեն մեկ շաբաթ է անցել… գետափից վերադառնալուց հետո, Եկատերինան շատ թույլ էր զգում իրեն, ոչինչ չէր ուտում, գրեթե չէր խոսում, միայն երազում գոռում էր. “Խեղդվում եմ… Խեղդվում եմ… Բագրա՛տ… Փրկի՛ր…“: Մենք շատ անհանգստացանք և  նույնիսկ բժիշկ կանչեցինք, բայց նա ասաց, որ աղջկա մոտ ոչ մի հիվանդություն չկա: Իսկ Եկատերինան շարունակում էր գոռալ երազում: Ես և կինս սկսեցինք հարցեր տալ նրան, թե այդ ե՞րբ է նա գետում խեղդվել և ո՞վ է նրան փրկել: Այստեղ նա սկսեց լաց լինել, և պատմեց, որ վերջին անգամ` երբ գետափին էինք, նրա գնդակը ընկել էր գետը, և նա փորձել էր այն դուրս բերել ջրից, բայց սկսել էր խեղդվել:  Այդ պահին Բագրատ անունով մի տղա իր ընկերների հետ փրկել է իրեն: Չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչպե՞ս կարող էր պատահել, նա մեր աչքի առաջ էր խաղում և մենք ոչինչ չենք նկատել, միգուցե՞ այս ամենը նա հորինել է: Մենք չգիտեինք ինչ անել: Վերջերս էլ նամակ ստացանք իմ Պատուշ տատիկից, որը դեռ 44 տարի առաջ էր կորել: Վաղուց կարծում էինք, թե նա մահացել է: Տատիկը գրել էր, որ ողջ է և ապրում է արևմտյան Ասիայում և, որ շատ է կարոտել մեզ: Իսկ նամակի վերջում նախազգուշացնում էր այն վտանգի մասին, որ կարող էր տեղի ունենալ աղջկաս հետ: Նա գրել էր, որ Եկատերինան կարող է խեղդվել գետում:  Այդպիսով, տարօրինակ նամակն ու Կատյայի անհասկանալի հիվանդությունը` ստիպեցին ինձ տարբեր դպրոցներում փնտրել Բագրատ անունով տղային: Եվ ահա մենք այստեղ ենք: Երբ Կատյան իմացավ, որ ես գտել եմ Բագրատին և այցելելու եմ նրան, իսկույն լավացավ: Նա ոտքի ելավ, ճաշեց, գեղեցիկ հագնվեց և հայտարարեց, որ գալու է մեզ հետ:

Բագրատի մայրիկը զարմացած լսում էր Կատյայի հայրիկի պատմությունը, և չէր հասկանում, թե ի՞նչ կապ ունի այս ամենի հետ իր սիրելի որդին: Իսկ Բագրատն ու Մարգարիտան թաքուն հայացքներ էին փոխանակում, նրանք հասկանում էին թե ինչի մասին է խոսքը: Մայրը հարցրեց.”Դու առանց թույլտվության գնացել ե՞ս գետի մոտ”: Բագրատը նկատեց մեծահասակների հարցական հայացքները: Նա խնդրեց Մարգարիտային, որ ուղեկցի Կատյային մանկական սենյակ և ցույց տա նրան Մ…  տիկնիկի տնակը: Բագրատը չէր ցանկանում ստել, բայց պատմել նույնպես չէր ցանկանում. “Միևնուն է. ինձ չեն հավատա”, - մտածում էր նա: “Կատյան այս ամենը կամ հորինել է, կամ էլ երազում է տեսել: Եթե նա այդպես է մտածում և դա օգնում է նրան առողջանալ, ուրեմն թող այդպես էլ լինի:”- ասաց Բագրատը:

Բոլորը համաձայնվեցին և հանգստացան: Մի քիչ էլ զրուցելուց հետո, հյուրերը հրաժեշտ տվեցին և գնացին: Իսկ Բագրատը թեթևացած շունչ քաշեց… նա չէր բացահայտել  ՄաԳյուլԲան-ների գաղտնիքը:

Քիչ ուշ հյուր եկան Նյունյուն և Գյուլդարան: Նրանք իմացան Եկատերինայի և նրա ծնողների այցելության մասին, իմացան  նաև տատիկի տարօրինակ նամակի մասին: ՄաԳյուլԲան-ները որոշեցին իմանալ Պատուշ տատիկի ամբողջ պատմությունը և փորձել գտնել նրան:

Հաջորդ  օրն իսկ, ՄաԳյուլԲան-ները այցելեցին Կատյային, որը պարզվեց այնքան էլ հեռու չէր ապրում իրենցից: Մարգարիտան նվիրեց նրան փոքրիկ Մ… տիկնիկին և շոկոլադ: Կատյան, տեսնելով նվերները, շատ ուրախացավ : Բայց ավելի շատ ուրախ էր, որ իրեն այցելության էին եկել Բագրատն ու իր ընկերները: Երեխաները խաղացին Կատյայի հետ, թեյ խմեցին կարկանդակով, որը նրանց հյուրասիրեց Կատյայի մայրիկը: Հետո նրանք Կատյայի հայրիկին խնդրեցին պատմել Պատուշ տատիկի մասին:

Կատյայի հայրիկի պատմությունը. Իմ  պապիկն ու տատիկը ամուսնացան, երբ երկուսն էլ 21 տարեկան էին: Հորս ծնվելուց հետո` 4 տարի անց, Պատուշ տատիկը հիվանդացավ, և նրա մայրը, որն ապրում էր Ասիայի արևմուտքում, խնդրեց նրան գալ իր մոտ: Եվ  նա գնաց: Շաբաթներ անցան, իսկ տատիկից ոչ մի լուր չկար: Պապս անհանգիստ էր և որոշեց գնալ նրա ետևից: Նա վերադարձավ մեկ ամիս անց, ամբողջովին ճերմակած մազերով և առանց տատիկի: Նա պատմեց, որ Պատուշի մայրը հանկարծակի  մահացավ, իսկ Պատուշի որոնումները արդյունք չտվեցին: Հորս դաստիարակեց և մեծացրեց  պապիկիս  քույրը, և, երբ նա մեծացավ` նրանից իմացավ այս ամբողջ պատմությունը: Նա պատմում էր, որ պապիկին ինչ-որ մտքեր էին անընդհատ տանջում, և երբ նա փորձում էր կիսվել մտքերով, ինչ-որ բան նրան թույլ չէր տալիս դա անելու: Չորս տարի անց, մտատանջություններից և ծանր ապրումներից` պապս մահացավ, իր հետ գերեզման տանելով  որոշ գաղտնիքներ: Այս ամենը ինձ պատմել է իմ հայրը, որն այժմ շատ ծանր հիվանդ է և գտնվում է հիվանդանոցում: Իսկ մեզ երբեք չէր լքում այն միտքը, որ գնայինք Ասիա և փորձեինք բացահայտել տատիկի անհետացման գաղտնիքը… երբ հանկարծ Կատյայի հիվանդությունը… և այս նամակը:

Նա լռեց և Նյունյույին փոխանցեց տատիկի նամակը:

Տատիկի նամակը. “Սիրելի որդուս և միակ թոռնիկիս: Ձեզ կարող է տարօրինակ թվալ, որ գրում եմ ձեզ 44 տարի լռելուց հետո: Ես ողջ եմ, արդեն ծերացել եմ, 69 տարեկան եմ: Այն ժամանակ` 44 տարի առաջ, հանգամանքնեը ստիպեցին ինձ անհետանալ այս տարօրինակ վայրերում, որպեսզի դուք մոռանաք ինձ և, որ իմ պատճառով չտանջվեք: Բայց կյանքն այնպիսի բան է, որ հարազատները չեն կարող մոռանալ մեկ մեկու: Ես տեսա իմ ամուսնուն, որն եկել էր իմ ետևից… բայց ինձ թույլ չտվեցին հանդիպել նրան: Իսկ հետո… իսկ հետո մայրս մահացավ, մահացավ նաև ամուսինս, այդպես էլ իմ մասին ոչինչ չիմանալով: Եվ միայն մեկ հանգամանք ստիպեց ինձ գրել այս նամակը. ես շատ անհանգիստ եմ, ես տեսել եմ իրականությունը “էկրանի վրա”, որ քո թոռնիկի, այսինքն իմ ծոռան Եկատերինայի հետ, օգոստոսին կարող է տեղի ունենալ դժբախտություն: Հնարավոր է, որ նա խեղդվի գետում: Այդ պատճառով, մինչ օգոստոսի 26-ը չգնաք գետի մոտ: Հավատացեք, դա շատ վտանգավոր է աղջկա համար: Իսկ դու որդիս, շատ շուտով կառողջանաս: Հիմա կմտածեք, թե որտեղի՞ց ես գիտեմ այս ամենը… Ես շա՛տ բան գիտեմ: Ամուր գրկում եմ բոլորիդ, և խնդրում եմ չփնտրեք ինձ: Դրա համար էլ հետադարձ հասցե չեմ գրում. միևնույն է` այն գոյություն չունի: Սիրում և կարոտում են ձեզ: Ձեր Պատուշ: 4-ը օգոստոսի”:

Կարդալով նամակը, որը ուղարկվել էր օգոստոսի 4-ին, բայց տեղ էր հասել 29-ին, այսինքն Կատյային փրկելուց 4 օր անց, ՄաԳյուլԲան-ները բազմանշանակ նայեցին միմյանց: Բագրատը, որոշ ժամանակով,  խնդրեց իրեն տալ նամակն ու ծրարը, ինչպես նաև տատիկի լուսանկարը: Կատյայի հայրիկը, տեսնելով երեխաների նման հետաքրքրությունը, տվեց նրանց նամակը և  տատիկի լուսանկարը: Լուսանկարից իրենց էր նայում գեղեցիկ և անսովոր հայացքով մի աղջիկ: “Որքան նման է նրան Կատյան”:- մտածեցին ընկերները: ՄաԳյուլԲան-ները մի քիչ էլ մնացին Կատյաենց տանը, այնուհետ հրաժեշտ տվեցին և հեռացան:

Տուն գալով, ՄաԳյուլԲան-ները մեկ անգամ էլ ուշադիր կարդացին նամակը, ուսումնասիրեցին ծրարը, որի վրա կնիք կար: Բայց որտեղից էր այն ուղարկվել, այդպես էլ չհասկացան: Կնիքը շատ անհասկանալի էր, երեխաները թևաթափ և տխուր բաժանվեցին միմյանցից:

Հաջորդ օրը, երբ Մարգարիտան իր էլեկտրոնային փոստն էր ստուգում, կարդալով հերթական հաղորդագրությունը` շատ զարմացավ: Հաղորդագրության մեջ գրված էր. “Մարգարիտա, ցանկանում ե՞ք գտնել Պատուշին: Դե ուրեմն իմացեք, նա ողջ է և գտնվում է բնակավայրում, որը տեղակայված է Ասիայի արևմուտքում: Ժամանման գծագիրը գտնվում է ggg.nbgm/+g/.magulgon.am.–կայքում”: Գօրդիզ-Լեռ: Մարգարիտան ցույց տվեց ընկերին էլեկտրոնային հաղորդագրությունը:  Նրանք միասին բացեցին կայքը, որտեղ գտան նշված գծագիրը, բայց նրանց ոչ մի կերպ չհաջողվեց պատճենահանել այն: Եվ նրանք որոշեցին արտագրել տեքստը, նկարել գծագիրը: Ահա այն.

-/ Ասիա, 3 /+1/ լավ երկրների սահմանգծին, որտեղ ապրում են հիանալի ժողովուդներ: Խորհրդանիշները ` դրանք 4 գույներ են` կանաչ, սպիտակ, նարնջագույն, սև:  10 տառից բաղկացած ծով, անապատ, 2 օրվա ճանապարհ կենդանիների մեջքին, որոնք երկար ժամանակ կարող են դիմանալ առանց ջրի:/

Քիչ հետո Մարգարիտան ցանկացավ նորից բացել նշված կայքը, բայց այն արդեն գոյություն չուներ:

ՄաԳյուլԲան-ները որոշեցին, որ առաջին իսկ հնարավորության դեպքում, կփորձեն գտնել Պատուշ տատիկին և բացահայտել նրա անհետացման գաղտնիքը:

Այս ամենի, Պատուշ տատիկի գաղտնիքի բացահայտման և շատ այլ հարցերի պատասխանները դուք կստանաք, երբ կարդաք մեր հաջորդ պատմությունները և նայեք նկարները:

Շարունակությունը .  ­Պատմություն 3. Աֆրիկա - Լոոմոզուն ցեղը

 

postheadericon Վերջին նորություններ

postheadericon Ամենահետաքրքիրը

Երաժշտություն
Քվեարկություն
Ո՞ր հերոսն է Ձեզ ավելի շատ դուր գալիս
 
Հիմա կայքում
Այս պահին 5 հյուր կա կայքում